Սիրելի՛ հայրենակիցներ, ի Քրիստոս եղբայրներ և քույրեր:
Դարեր շարունակ հայ ժողովրդի պատմությունը եղել է ոչ միայն գոյապայքարի, այլև Արդարության և Ճշմարտության համար մղվող աննկուն հոգևոր պատերազմ։ Մեր անցած ճանապարհը լի է եղել խաչելության ցավով, կորուստներով և ծանր փորձություններով, սակայն յուրաքանչյուր փորձության մեջ հայ հոգին մնացել է անսասան, որովհետև նրա հիմքը դրված է Սուրբ Էջմիածնի հավերժական վեմին։
Այսօր, առավել քան երբևէ, հավաքական հայի ցանկությունն ու նպատակը մեկն է՝ վերականգնել արդարությունը, բուժել հոգևոր վերքերը և կերտել արժանապատիվ, լուսավոր ու հզոր Հայրենիք։
Արդարության համար պայքարը չի սկսվում արտաքին աշխարհից․ այն սկսվում է մեր սրտերից։ Այն արտահայտվում է մեր անկեղծ գրկախառնությամբ, եղբայրական սիրով, միմյանց նեցուկ լինելու պատրաստակամությամբ և Սուրբ Եկեղեցու շուրջ մեկտեղվելով։
Մեր հաղթանակը նախևառաջ Հոգևոր Հաղթանակ է լինելու։ Դա լինելու է հույսի հաղթանակը հուսահատության նկատմամբ, սիրո հաղթանակը՝ ատելության, և արդարության հաղթանակը՝ անօրինության նկատմամբ։
Եկեք միավորենք մեր ձեռքերն ու սրտերը, լցվենք անսասան հավատով և հաստատուն քայլերով ընթանանք դեպի մեր լուսավոր ու հաղթական ապագան՝ Վեհափառ Հայրապետի հայրական օրհնությամբ և Աստծո ամենակարող Աջի պահպանությամբ։
Հայկ Մովսիսյան